PanARMENIAN.Net - Բայց, չնայած դրան, 1988թ. ղարաբաղյան շարժումը նրան ստիպեց առավել մեծ հավատով պայքարել խաղաղության համար` հանուն հայ ժողովրդի հաղթանակի: Սա ազատամարտիկ,Արաբո լեգենդար ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի պատմությունն է, սա մի հայրենասերի պատմություն է…
-Ես միշտ ազատամարտիկներին այլ կերպ եմ պատկերացրել.նրանք պետք է լինեին իսկական մարտիկներ: Զինվորները շարք են կանգնում, ձգված են և միշտ լսում են իրենց հրամանատարին: Իսկ հրամանատարն իր հերթին պետք է ապավեն լինի զինվորի համար, սպառնալիքի դեպքում պատրաստ լինի հարվածն իր վրա վերցնել, բայց պաշտպանել նրանց կյանքը: Ցավոք, ես դա չէի տեսնում հայոց ազգային բանակում, մարդիկ կամավոր էին գնում բանակ, մորուք էին պահում` փորձելով վախ ներշնչել արդեն իրենց արտաքինով,- ժպիտով նկատում է Եղիազարյանը, ում` մարտիկի մասին ճիշտ պատկերացումն էլ սկիզբ դրեց Արաբո լեգենդար ջոկատին, երբ 1989 թվականին Մանվելն իր համախոհների ու ընկերների հետ մեկնեց Ղարաբաղ,որպեսզի պաշտպանի իր տունը, իր երկիրը:
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հիշելով պատերազմի տարիները, Եղիազարյանը վերադառնում է անցյալ`Խաչիկ գյուղը, այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, և թվում է` նրա մշուշոտ հայացքի առջև լողում են անցյալի իրադարձությունները` ավերված տներ, այրված դաշտեր… և ընկերներ, ում հետ նա երկար ճանապարհ պետք է անցներ:
-Երևի պատերազմի տարիների ամենալավ օրն այն էր, երբ մենք գերիներ վերցրեցինք ու բերեցինք Ստեփանակերտ: Նրանց թվում մի ադրբեջանցի երեխա կար երեք տարեկան: Այն ժամանակ մենք բոլորս մրսած էինք, այդ երեխան էլ էր հիվանդացել: Նա այնպես էր հազում, որ թվում էր` նրա թոքերը հիմա կպայթեն: Ես ինձ անհարմար զգացի ու դեղս նրա մորը տվեցի: Երկու օր անց երեխան ապաքինվեց, և նրա մայրը, շնորհակալություն հայտնելով ինձ, ասաց.<<Աստված օրհնի քո երեխաներին: Չկա ավելի լավ բան, քան կարողանալ թշնամուն համոզել, որ մարտի դաշտում կարելի է պահպանել մարդկային արժեքները>>,- ժպիտով նշում է Եղիազարյանը: Մինչ օրս, երբ նրան հաջողվում է խուսափել դժբախտությունից, նա դա վերագրում է այն երեխայի մոր օրհնությանը:
Բայց պատերազմը խորը սպի թողեց Մանվելի հոգում, երբ 1992թ. ամռանը Արաբո ջոկատի անդամներն անհայտ կորան:
-Երևի այդ օրը ես մեղադրում էի բոլորին, ում կարող էի: Հարցը նրանում չէ, որ նրանք զոհվեցին. մենք գիտեինք, թե ինչ քայլի ենք գնում և պատրաստ էինք մահվան: Մահից կարելի է վախենալ, բայց չի կարելի սարսափել անխուսափելիից: Տղերքի մահը շատ անսպասելի էր: Այն գիտակցությունը, որ մենք հնարավորություն ունեինք, բայց չկարողացանք փրկել նրանց, անտանելի ցավ է պատճառում,- ասում է նա: Չնայած բոլոր կորուստներին և պատերազմի դառնությանը, Մանվելը վրեժ լուծելու ցանկություն չունի: Նա ասում է.<<Ես ադրբեջանական ժողովրդի դեմ չէի պատերազմում, այլ ընդամենը պաշտպանում էի իմ տունը>>:
Անգամ հիշելով Լաչինի շրջափակման մեկ ամիսը` նա ժպտում է.<<Դա, երևի, այն հազվադեպ օրերից էր, երբ ես որոշեցի գոնե մի ժամ քնել, բայց ինձ արթնացրին ու ասացին, որ Լաչինը հանձնվել է: Ես սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում և սկսեցի ծիծաղել, բայց երբ գիտակցեցի, որ հակառակորդը Լաչին է մտել… Դա շատ երկար պատմություն է, որն անհնար է երկու բառով պատմել, կարևորն այն է, որ մենք դիմացանք ու չհանձնվեցինք>>,- ասում է Եղիազարյանը:
Շարունակվող շրջափակման պայմաններում Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որը կապում է Ղարաբաղը Հայաստանի հետ, իսկ նրա միջոցով` արտաքին աշխարհի հետ:
Այսօր Մանվելը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ և, ամենակարևորը, անում է ամեն ինչ, որպեսզի պահպանի պատրաստվածությունը: Արդյո՞ք Եղիազարյանը կամավոր կմեկնի ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Այդ հարցին Մանվելը պատասխանեց իսկական առաջնորդի պես.<<Հասկացեք, պատերազմի վերսկսման դեպքում ես չեմ կարող չգնալ: Իսկ եթե ես գնամ, շատերը կհետևեն իմ օրինակին: Հարցը համարձակության կամ հայրենասիրության մեջ չէ, մարդուն միշտ էլ կարելի է համոզել: Եթե ես ցանկանամ, մեկ ժամ անց դուք կհագնեք համազգեստն ու կհետևեք ինձ>>:
Մարիամ Մատնիշյան / PanARMENIAN New
s